The LOFT ինքնազարգացման ու ժամանցի բազմաֆունկցիոնալ կենտրոնի առցանց հարթակում արվեստագիտության թեկնածու, արվեստի քննադատ Աննա Գալստյանը ներկայացրեց բանախոսություն՝ նվիրված ամերիկահայ աշխարհահռչակ նկարիչ, սյուրռեալիստական էքսպրեսիոնիզմի սկզբնավորող Արշիլ Գորկուն։
Բանախոսությունից մի հատված ներկայացնում ենք մեր ընթերցողին։
Ծանր ժամանակներ էին հայոց աշխարհում. խոլերայից ընտանիքը փրկելու համար Արշիլ Գորկին մի սայլակում տեղավորում է ընտանիքի բոլոր անդամներին՝ մորը և երկու քույրերին, ու հասցնում Երևան: Գորկու քրոջ՝ Վարդուհու խոսքով՝ Գորկին փրկեց իրենց այդ ժամանակ: 1915-ի նոյեմբերից մինչև 1918-ի օգոստոսը Գորկու ընտանիքը ապրում է Քաթանովսկի 18 հասցեում (ներկայիս՝ Աբովյան փողոցում, ավելի հին շրջանում՝ Աստաֆյան): Քաթանովսկի 18-ը մոտավորապես գտնվել է ներկայիս «Անի» հյուրանոցի հարևանությամբ՝ բողոքականների աղոթարանների մոտ: Այն ժամանակ Աբովյան փողոցը գրեթե ամբողջ Երևանն էր, քանի որ Երևանը շատ փոքր էր: Բյուզանդի փողոցում էր գտնվում նրա աշխատավայրը: 1915-1918 թթ. աշխատում էր այն ժամանակ Բեյբութովսկի փողոցում գտնվող 3-րդ որբանոցում: Այդ որբանոցում նա հանդիպում է իր ազգական Ադո Ադոյանին, և այդ հանդիպումից հետո վերածնվում է այն եղբայրությունը, որն սկսվել էր Խորգոմ գյուղում: Արշիլ Գորկին և Ադո Ադոյանը ապրում էին մի հսկա նահապետական տան մեջ, որտեղ բնակվում էր 3 ընտանիք: Տպարանում աշխատելիս Գորկին սկսում է ճանաչել նոր Երևանի սոցիալ-տնտեսական, քաղաքական կյանքը: Տպարանը գտնվում էր 3-րդ որբանոցի հարևանությամբ: Գորկին աշխատում է նաև իր քեռու ատաղձագործական արհեստանոցում, պատրաստում մահճակալներ, սեղաններ, աթոռներ և այլն: Նրա՝ տաշելու հանդեպ սերը դեռևս մանկուց է եղել: Ադոն պատմում էր, որ փոքր ժամանակ խաղալիս նրա ձեռքերը միշտ զբաղված էին տաշելով: Հայտնի են նրա մի քանի գութանները: Հետագայում Արշիլ Գորկին պատրաստել է փայտե խաղալիքներ իր երեխաների համար: Խորգոմում քանդակում էր ծովի հատակից դուրս եկող կավով, ճյուղերից, փայտից ինչ-որ արձանիկներ էր տաշում, նաև շատ էր սիրում նկարել: Ադո Ադոյանի հուշերում գրված է՝ ինչպես Խորգոմում նա հրեշտակի նկարի վրա բեղեր էր ավելացրել։ Վարդապետը տեսնելով այդ նկարը, զայրացել էր, իսկ Ոստանիկը, չկորցնելով իրեն, ասել. «Դուք միշտ ասում եք, որ Աստված միրուքով է. ինչու՞ նրա հրեշտակը չի կարող լինել բեղերով»: Այդ սրամիտ պատասխանը Ադոն չէր կարող մոռանալ և հետագայում այդ խոսքերը տպագրում է իր հոդվածներից մեկում: Ամերիկայում Ոստանիկը երկու-երեք տարի անց փոխում է իր անունը: Նոր անվան փնտրտուքը սկսում է կովբոյական ֆիլմերի հերոսների անուններից, սակայն ընտրությունը կանգ է առնում ռուս գրող Մաքսիմ Գորկու անվան վրա, որն էլ դառնում է նրա կեղծանունը: Արշիլ Գորկու յուրահատուկ ստեղծագործություններից է «Ինչպես է մորս ասեղնագործ գոգնոցը բացվում իմ կյանքում» կտավը: Դա այն գոգնոցն էր, որն ինքը հաճախ էր հիշում՝ Խորգոմում ու Երևանում ապրած տարիներից: Այդ բացվող գոգնոցի բույրը, համը, նրբությունը դառնում նկարչի արվեստի հիմքը: Նա իր մոր գոգնոցը համեմատում էր այն սպիտակ կտավի հետ, որն ինքը դնում էր նկարակալի վրա, կանգնում էր նրա առջև և սկսում նկարել: Երևանյան երեք տարիները կարելի է համարել նրա արվեստի, նրա կերպարի ստեղծման համար շատ կարևոր սանդղակներ, որոնք այս կամ այն կերպ քողարկված, խորհրդանշական ձևով արտացոլվում են նրա կյանքում, նրա արվեստի մեջ։
Բանախոսն իր խոսքի վերջում նշեց, որ մեկ ամիս առաջ Արշիլ Գորկու ֆեյսբուքյան էջում առաջարկել են գտնել Քաթանովսկի 18 փողոցի (Աբովյան) այն տունը, որտեղ բնակվել է նկարիչը և հուշատախտակ տեղադրել: Դա կընդգծի, որ Արշիլ Գորկին շատ կարևոր դեր է ունեցել Երևանի համար, Երևանը՝ նրա համար։
Նյութը պատրաստեց Անժելա ՎԱՐԴԱՆՅԱՆԸ